Search

Արցախի Հանրապետության վարչապետը  հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը եւ կիրառու

«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատ լինելու պատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- օրերս հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյաը:

Շինարարական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ վարչապետը քննարկել է տեղական շինանյութերի արտադրության խթանման հետ կապված մի շարք հարցեր:

Շինարարության բնագավառի պատասխանատուներին ուղղված իր խոսքում կառավարության ղեկավարը կարևորել է կառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականությունն այդ ոլորտում:

Նա հատուկ հանձնարարական է տվել ոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղական արտադրության ապրանքանյութերի օգտագործումը՝ քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյան շինանյութերին, ինչը կխթանի արտադրության ընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը:

Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ և պարզաբանումներով քննարկվող հարցի վերաբերյալ: