Search

Արա Բաբլոյանը մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ ն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը կրող «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին:

Համաժողովն այս տարի անցկացվել է Մայիսյան հաղթական հերոսամարտերի, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի նախաշեմին:

Ամփոփիչ նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներին, վստահություն է հայտնել, որ այն համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող և համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:

Համաժողովի կարևոր հարցերից մեկը Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարն էր: Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծվելիք կառույցն իր ձևով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձևավորման աշխատանքներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով համաժողովի բոլոր մասնակիցներին, կարևորել է նրա դերը Հայաստան-Սփյուռք կապերի և հարաբերություների զարգացման հարցում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում ամփոփել է համաժողովի նախորդ երկու օրերի աշխատանքը` հավելելով, որ այս համաժողովն իր ձևաչափով և քննարկված հարցերի կարևորությամբ գերազանցել է նախորդ համաժողովներին:

Նշենք նաև, որ համաժողովի անցկացման ժամկետը և օրակարգը որոշվել են դեռեւս 2014 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում: